Popis: |
Հոդվածում ներկայացված է գլխուղեղի չարորակ և բարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի կառուցվածքային փոփոխությունների՝ ուղեղային կիստաների,ռազմաբժշկական փորձաքննական մոտեցումների համեմատական վերլուծությունը զինված ուժերը խառը եղանակով համալրող մի շարք երկրներում՝ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ), Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ), Ղազախստանի Հանրապետությունում (ՂՀ), Բելառուսի Հանրապետությունում (ԲՀ): Ներկայացվել է այդ պաթոլոգիաներով պայմանավորված խնդրի բժշկասոցիալական նշանակությունը հիվանդների բարձր մահացության, հաշմանդամության և կյանքի ցածր տևողության պայմաններում։ Հոդվածում պարզաբանվում է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության ռազմաբժշկական փորձաքննությունը կանոնակարգող փաստաթղթերում վերոհիշյալ ախտաբանություններով զորակոչիկներին և պարտադիր ժամկետային շարքային կազմի զինծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունների տրման կարգը: Մանրամասնորեն ներկայացված են վերոհիշյալ փաստաթղթերում գլխուղեղի չարորակ և բարորակ նորագոյացությունների և ոչ ուռուցքային բնույթի կառուցվածքային փոփոխությունների՝ ուղեղային կիստաների դեպքերում սահմանված ռազմաբժշկական փորձաքննական չափորոշիչները և այդ ախտաբանությունների ժամանակ գործառութային խանգարումների առանձնահատկությունները։ Ներկայացված է համեմատվող երկրներում օգտագործվող ռազմաբժշկական փորձաքննական չափորոշիչների և գործառութային խանգարումների ընդհանրությունների և նմանությունների վերլուծությունը։ Բանալի բառեր. ռազմաբժշկական փորձաքննություն, գլխուղեղի նորագոյացություն, չարորակ, բարորակ, ոչ ուռուցքային բնույթի կառուցվածքային փոփոխություն, գլխուղեղի կիստա, գործառույթի խանգարում, փորձաքննական չափորոշիչ, զինվորական ծառայության պիտանիության չափորոշիչ |